Պատմություն և Անվանումը
Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը` Քասախ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում:
Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մթա 6-3 հազարամյակներից: Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան /պղնձեքարեդարյան/ ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Շրեշ բլուրը, Մոխրբլուրը, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ: Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը:
Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր: Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում` արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին: Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս` աշխատավորությունը: Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը:
Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է Բիայնայի /Վանի/ թագավոր Ռուսա Բ-ն /մթա 685-645/` կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել:
Վաղարշապատի հնագույն անունը հավանաբար եղել է Արտիմեդ, որին Խորենացին քաղաք է կոչել, ապա` Վարդգեսի Ավան, Երվանդ Ա Սակավակյացի ժամանակից /մ.թ.ա. մոտ 570-558 թթ.` ըստ Խորենացու/, ապա Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից /մ. թ. 191-211թթ./ : Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է: Այս անվանումների վերաբերյալ Մովսես Խորենացին գրում է ՙՍա /Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211թթ./ պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն ՙՀատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի՚: Այս Երուանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի` շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց /Տիգրան Բ Մեծ/ նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք: Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք՚:
Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել:
Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը: Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել /480 թվականին/ առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը:
Հետագա դարերում /բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ/ Վաղարշապատը աստիճանաբար անչքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր: Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին: Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը: 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը /Էջմիածին/ դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը: